Թանգարան, կրթություն և ներգրավում

«Թանգարան, կրթություն և ներգրավում»

խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանքի

Հոկտեմբերի 26-28, 2016, Երևան

Բրիտանական թանգարանի ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրի շրջանակներում և այդ ծրագրին 2014-2015թթ․ մասնակցություն ունեցած մասնագետների՝ Հայկ Մկրտչյանի, Մարինե Մկրտչյանի և Դավիթ Պողոսյանի նախաձեռնությամբ 2016թ. հոկտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելու է «Թանգարան, կրթություն և ներգրավվում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանք։

Դասընթաց-վարժանքի նպատակն է թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել բրիտանական և գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավելու, մեծահասակների կրթության և տարեց այցելուների հետ աշխատանքի լավագույն փորձի օրինակները, քննարկել հայկական թանգարանների նման փորձառությունը, համատեղ նոր նախագծեր կազմել և զարգացնել։

Դասընթաց-վարժանքը անցկացնելու նպատակով Երևան են ժամանելու Մանչեսթերի պատկերասրահից, Բրիտանական թանգարանից, Գլազգոյի թանգարանների ռեսուրս կենտրոնից, Դրեզդենի արվեստի հավաքածուների կենտրոնից փորձագետներ, ինչպես նաև Բրիտանական թանգարանի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրին մասնակից այլ մասնագետներ:

Դասընթաց-վարժանքը անցկացվելու է ս.թ. հոկտեմբերի 26-28-ը Երևանում՝

  • Հոկտեմբերի 26-27-ը – Գաֆէսճեան արվեստի կենտրոն
  • Հոկտեմբերի 28 – Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Դասընթացն իրականացվելու է Թանգարանային կրթության կենտրոնի, Մանչեսթերի պատկերասրահի, Բրիտանական թանգարանի, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի, ԻԿՕՄ Հայաստանի, Ռուսական արվեստի թանգարանի, Երևանի կոնյակի գործարանի, Կոմիտաս Թանգարան-Ինստիտւտի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աջակցությամբ: 

Դասընթացի կազմակերպմանը աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Դասընթացի մասնակցության հայտը կարող եք ներբեռնել այստեղ: